Գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացրել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը, դեմ է եղել պորտուգալացի հարձակվողի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ Ռոնալդուն որոշել է հեռանալ մանկունիացիներից, Մենդեշը փորձել է նրա համար այլ ակումբ գտնել, որը հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Գործակալը չի կարողացել լուծել այս խնդիրը՝ անգամ աշխատավարձի նվազեցման պայմանով՝ մինչև շաբաթական 80 հազար ֆունտ:
Մենդեշն այդ ժամանակ նրան առաջարկել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և թույլ տալ, որ իր խաղը խոսի իր փոխարեն, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
Ռոնալդուն հրաժարվել է այս գաղափարից, ինչը լարել է երկու գործընկերների հարաբերությունները: Սպասվում է, որ Ռոնալդուն և Մենդեշն այլևս չեն համագործակցի: Ֆուտբոլիստի՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագրի կնքման ժամանակ Մենդեշը նաև միջնորդ չի եղել: Տրանսֆերով զբաղվել է պորտուգալացի ֆուտբոլիստի անձնական մենեջեր Ռիկարդու Ռեգուֆեն: