Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է լեգենդար բրազիլացի Պելեի մահվանը։
«Անմահը հավերժ մեզ հետ է», — ասվում է կազմակերպության կայքում:
«ՖԻՖԱ-ն և ողջ ֆուտբոլային աշխարհը սգում են հավերժական թագավորի մահը: Հանգչիր խաղաղությամբ, Պելե։ Մեր մտքերն ու կարեկցանքները ձեր ընտանիքի, ընկերների և բոլորի հետ են, ովքեր հաճույք են ստացել դիտելով քո խաղը»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նախկին ֆուտբոլիստի մարմինը կհուղարկավորվի «Վիլա Բելմիրո»՝ «Սանթոսի» նախկին մարզադաշտում, որի կազմում Պելեն խաղացել է իր կարիերայի մեծ մասը՝ 1956-1974 թվականներին։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ Time ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։























































