Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ։
Ֆուտբոլի արքան կյանքից հեռացավ դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։
«Խաղը. Թագավոր. Հավերժություն»,- գրել է Մակրոնը։
Պելեն ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ Time ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։