Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է բազմաօրգանային դիսֆունկցիայի համախտանիշից՝ հաստ աղիքի քաղցկեղի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի բժիշկներին։
Պելեն մահացել է տեղական ժամանակով 15:27-ին (Երևանի ժամանակով 22:27-ին): Նա 82 տարեկան էր։
Պելեն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։
Լեգենդար ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ի հայտ էր եկել 2021 թվականին, ինչից հետո նա քիմիոթերապիայի կուրս էր անցել, բայց արդյունքում օրգանիզմը դադարել էր արձագանքել դրան։ Մեկ ամիս առաջ Պելեի ինքնազգացողությունը վատացել էր․ նոյեմբերի 29-ին նա հոսպիտալացվել էր թեստեր հանձնելու և բուժման կուրս անցնելու համար։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի Աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ Time ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։