ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սոցիալական ցանցերում գրառում է կատարել ֆուտբոլի լեգենդ Պելեի մահվան լուրից հետո։
Պելեն մահացել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։
«Պելեն մեծագույններից մեկն էր, ով երբևէ խաղացել է այս գեղեցիկ խաղը: Որպես աշխարհի ամենաճանաչված մարզիկներից մեկը՝ նա հասկանում էր, որ սպորտի գլխավոր ուժը մարդկանց համախմբելն է։
Մեր մտքերը նրա ընտանիքի և բոլոր նրանց հետ են, ովքեր սիրում և հիանում էին նրանով»,- գրել է Օբաման։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ Time ամսագրի՝ նա համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։