Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Աթանասիոս Ռանտոսն ասել է, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոններն առ այն, որ Սուպերլիգայի նախագիծը պետք է նախնական հաստատման ենթարկվի, համապատասխանում են ԵՄ մրցակցային օրենսդրությանը:
Ըստ Ռանտոսի, եթե Սուպերլիգայի կազմակերպիչներն իրավունք ունեն անկախ մրցում անցկացնել «ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի էկոհամակարգից դուրս, նրանք չեն կարող նման մրցաշարի ստեղծմանը զուգահեռ շարունակել մասնակցել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմակերպված ֆուտբոլային մրցումներին՝ առանց այդ ֆեդերացիաների նախնական թույլտվության»:
Գլխավոր փաստաբանները սովորաբար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում Եվրոպական Արդարադատության դատարանին: Նրանց կարծիքները պարտադիր չեն Լյուքսեմբուրգի դատարանի համար, սակայն շատ դեպքերում դրանց հետևում են: Արդարադատության Եվրոպական դատարանը Սուպերլիգայի գործով որոշում կկայացնի 2023 թվականին։
2020 թվականի գարնանը եվրոպական 12 թոփ ակումբ՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Ատլետիկոն», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը», հայտարարեցին Սուպերլիգայի մրցաշարի ստեղծման մասին, որը չի վերահսկվում ՈւԵՖԱ-ի կողմից։ Սակայն նախագիծն այդպես էլ չի իրականացվել։
ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն դիմել են Եվրոպական Արդարադատության դատարան՝ պահանջելով արգելել ակումբներին միանալ չվերահսկվող կառույցներին։