Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սևիլյային»։
Առաջին խաղակեսում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռաֆա Միրը։
52-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց 17-ամյա Ռիկո Լյուիսը։ 73-րդ րոպեին Խուլիան Ալվարեսն առաջ մղեց մանչեսթերյան ակումբին, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ռիհադ Մահրեզը՝ 83-րդ րոպեին եզրափակելով նույն Ալվարեսի գոլային փոխանցումը։
G խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Գերմանական ակումբի կազմում 23-րդ րոպեին Տորգան Ազարի խփած գոլին տանտերեից պատասխանեց Հակոն Հարալդսոնը։
«Մանչեսթեր Սիթին» 14 միավորով խմբային փուլն ավարտեց առաջին տեղում։ Դորտմունդի «Բորուսիան» 9 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Այս թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։
«Սևիլյան» 5 միավորով 3-րդ տեղը գրավեց և կմասնակցի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչին։ «Կոպենհագենը» 3 միավորով զբաղեցրեց վերջին տեղը։