«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այն ժամանակից ի վեր, ինչ սկսել է մասնակցել Չեմպիոնների լիգային, առաջին անգամ չի հայտնվել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Այս մասին հայտնում է MisterChip թվիթերյան միկրոբլոգը:
Աղբյուրի փոխանցմամբ, Լևանդովսկին 2011/12 մրցաշրջանից ի վեր, երբ առաջին անգամ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլին, ոչ մի անգամ դուրս չէր մնացել խմբային փուլից:
Լևանդովսկին այս ամառ է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» երեկ զրկվեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից, երբ Միլանի «Ինտերը» 5-րդ տուրի խաղում հաղթեց Պլզենի «Վիկտորիային»: Կատալոնացիներն, իրենց հերթին, մրցեցին «Բավարիայի» հետ և 0:3 հաշվով պարտություն կրեցին: