ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրի H խմբում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բենֆիկային» և 3-4 հաշվով պարտություն կրեց։
Տանտերերն արդեն 17-րդ րոպեին բացեցին հաշիվը․ աչքի ընկավ Անտոնիո Սիլվան, բայց 4 րոպե անց Մոյզե Քինը հավասարեցրեց հաշիվը։ Սակայն առաջին կեսում թուրինցիները ևս երկու գնդակ ընդունեցին․ 28-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ժոաու Մարիոն, իսկ 35-ին աչքի ընկավ Ռաֆա Սիլվան։
Երկրորդ կեսի սկզբնամասում Ռաֆա Սիլվան դուբլ ձևակերպեց։ 77-րդ րոպեին Միլիկը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկու րոպե անց ՄաքՔենին հաշիվը դարձրեց՝ 4-3:
Թուրինցիներին ավելին անել չհաջողվեց և Ալլեգրիի թիմը, իր ակտիվում ունենալով 3 միավոր, զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից։ Իսկ «Բենֆիկան» վաստակեց 11 միավոր և ժամանակից շուտ իր տեղն ապահովեց փլեյ-օֆֆում։
Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն 7-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Հաիֆայի «Մաքաբիի» նկատմամբ։
19-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լիոնել Մեսսին։ 32-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Մբապեն։ 3 րոպե անց Մեսսիի փոխանցումից հետո Նեյմարը հաշիվը դարձրեց 3-0: 38-րդ րոպեին մրցակիցը կարողացավ գրավել փարիզյան թիմի դարպասը։ Սակայն առաջին կեսի վերջին րոպեին կրկին աշխատեց Մբապե-Մեսսի զույգն, ու արգենտինացին դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում «Մաքաբին» ևս մեկ անգամ գրավեց Դոնարումայի դարպասը։ 64-րդ րոպեին Մբապեն ևս դուբլ ձևակերպեց։ 3 րոպե անց մրցակցի ֆուտբոլիստ Գոլդբերգը գրավեց սեփական դարպասը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Մեսսիի փոխանցումից հետո Սոլերը խփեց իր թիմի 7-րդ գնդակը։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 11 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Մաքաբին» 3 միավորով վերջինն է։
























































