ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերն այս շաբաթ կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի։Այս մասին հաղորդվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Սա վերաբերում է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի և կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին։
Հիշեցնենք՝ Ինդոնեզիայի «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է ավելի քան 131 երկրպագու, որոնցից շուրջ 30-ը՝ երեխաներ։ Մեծ թվով երկրպագուներ էլ վնասվածքներ են ստացել։
«Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղից հետո (2։3) պարտված թիմի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել՝ կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Դրանից հետո հրմշտոց ու խուճապ էր սկսվել։ Մարդկանց մոտ նաև շնչառական խնդիրներ էին առաջացել արցունքաբեր գազի պատճառով։