Չեմպիոնների լիգայի 2022/203 մրցաշրջանի խմբային փուլում ընդգրկված չի լինի ոչ մի թուրքական ակումբ:
Երկրի փոխչեմպիոն «Ֆեներբահչեն» ՉԼ-ից դուրս է մնացել որակավորման երկրորդ փուլից, որտեղ զիջել է Կիևի «Դինամոյին»: Լեհաստանում գրանցված 0-0-ից հետո, ուկրաինացիները Ստամբուլում 2-1 հաշվով հաղթանակ են տարել՝ հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:
Երկրի չեմպիոն «Տրաբզոնսպորն» էլ խմբային փուլ դուրս գալու համար պետք է հաղթահարեր փլեյ-օֆֆը, որտեղ մրցում էր «Կոպենհագենի» հետ: Դանիայի մայրաքաղաքում կայացած առաջին խաղում թուրքերը 1-2 հաշվով պարտություն են կրել, իսկ սեփական հարկի տակ երեկ կայացած պատասխան խաղում գոլեր չեն գրանցվել (0-0):
Վերջին անգամ թուրքական թիմերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլին չէին մասնակցել 1995/96 մրցաշրջանում: Այդ ժամանակ Թուրքիայի 1995 թվականի չեմպիոն «Բեշիքթաշը» չէր հաղթահարել ՉԼ որակավորման փուլը:
Նշենք՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Ստամբուլում 2023 թվականի հունիսի 10-ին: