ԱԱ2022-ի ընտրական փուլի Բրազիլիա — Արգենտինա հանդիպումը չի վերախաղարկվի, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է վճարել 150 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք, որի կեսը կվերանայվի երկու տարվա փորձնական ժամկետում։ Գումարի մի մասը կտրամադրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար։
Խաղը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Սան Պաուլոյում։ Մեկնարկային սուլիչից մի քանի րոպե անց հանդիպումը դադարեցվել էր։
Պատճառը Արգենտինայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների խաղադաշտ դուրս գալն էր, որոնք իրավունք չունեին մասնակցելու հանդիպմանը։ Ըստ Բրազիլիայի առողջապահական իշխանությունների՝ ֆուտբոլիստները խախտել էին երկիր մուտք գործելու կանոնները, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սխալ տվյալներ են ներկայացրել իրենց գտնվելու վայրերի մասին և խախտել են կորոնավիրուսային արձանագրությունը։
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն արդեն ապահովել են մասնակցությունը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։