Սենեգալի հավաքականի մարզիչ Ալիու Սիսեն արձագանքել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքերին։
Նեապոլիտանական ակումբի նախագահը հայտնել էր, որ մրցաշրջանի միջնամասում ազգային հավաքականներին միանալու պատճառով այլևս չի գնի աֆրիկացի ֆուտբոլիստների․
«Այլևս մի խոսեք ինձ հետ աֆրիկացի ֆուտբոլիստների մասին: Ես սիրում եմ նրանց, բայց կա՛մ նրանք ստորագրում են ինչ-որ բան՝ նշելով, որ հրաժարվելու են Աֆրիկայի Ազգերի գավաթից, կա՛մ այդ մրցաշարի և աշխարհի գավաթի ընտրական փուլի միջև ընկած ժամանակահատվածում այս խաղացողները երբեք հասանելի չեն լինի հավաքականներին: Մենք հիմարներ ենք, ովքեր աշխատավարձ են վճարում նրանց՝ աշխարհով մեկ այլ թիմերում խաղալու համար»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Դե Լաուրենտիսին, բայց ես նրան կոչ եմ անում ձեռք չբերել աֆրիկացի խաղացողներին: Եթե նա կարծում է, որ թիմը կարող է խաղալ առանց աֆրիկացի խաղացողների, դա իր գործն է:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դե Լաուրենտիսը պատրաստվում է նմանատիպ սահմանափակող պայմաններ սահմանել Հարավային Ամերիկայի, Ասիայի և այլ կոնֆեդերացիաների խաղացողների համար՝ արգելելով նրանց խաղալ իրենց մայրցամաքային մրցումներում»,- Սիսեին է մեջբերում BBC-ն։