Օլիմպիական չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն Նաթան Չենն արձագանքել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուզուրու Հանյուի՝ սպորտային կարիերան ավարտելու որոշմանը։
«Ինձ համար պատիվ էր կանգնել Յուզուրու Հանյուի հետ նույն սառույցի վրա: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու արել ես սպորտի համար, և որ անկասկած կշարունակես անել»,- գրել է Չենը սոցցանցում։
Հուլիսի 19-ին Հանյուն հայտարարեց կարիերան ավարտելու մասին 27 տարեկանում։
Հանյուն տղամարդկանց մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, նա հաղթել է Սոչի-2014-ում և Փհենչհան-2018-ում, 4-րդ տեղն է զբաղեցրել Պեկինի խաղերում։
Ճապոնացին երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ նա ունի 7 աշխարհի գավաթի մեդալ (2-3-2)։ Նա 2020 թվականի չորս մայրցամաքների և 2017 թվականի Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է, չորս անգամ հաղթել է Գրան Պրիի եզրափակիչում և վեց անգամ դարձել Ճապոնիայի չեմպիոն։
Իր կարիերայի ընթացքում տղամարդկանց գեղասահքում Հանյուն ամենաշատ համաշխարհային ռեկորդներն է սահմանել (19 անգամ)։