Աշխարհի երրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի առաջին շրջանի խաղում։
Ջոկովիչը հաղթեց հարավկորեացի Կվոն Սոն Ուին։ Խաղը տևեց գրեթե երկուսուկես ժամ և ավարտվեց 6։3, 3։6, 6։3, 6։4 հաշվով։
Ջոկովիչը դարձավ պատմության մեջ առաջին թենիսիստը, ով 80 հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերից յուրաքանչյուրում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Նա 82 հաղթանակ է տարել Ավստրալիայի բաց առաջնությունում, 85-ը՝ Ռոլան Գարոսում և 81-ը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իսկ երեկ 80-րդ հաղթանակն էր Ուիմբլդոնում։
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը ևս դուրս եկավ երկրորդ փուլ՝ հաղթելով ավստրալացի Ջեյմս Դաքվորթին։
Խաղը տևեց 2 ժամ 43 րոպե և ավարտվեց 4:6, 6:3, 6:2, 6:4 հաշվով՝ հօգուտ աշխարհի 52-րդ ռակետի։
Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը ծանր հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։
Աշխարհի յոթերորդ ռակետը առաջին շրջանի հինգ սեթանոց խաղում հաղթեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 155-րդ տեղը։
4 ժամ 14 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 4:6, 7:5, 4:6, 7:6 (7:3), 6:4 հաշվով՝ հօգուտ 19-ամյա իսպանացու։
Նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդը ևս հաղթել է առաջին փուլում։ Աշխարհի վեցերորդ ռակետն ուժեղ է գտնվել իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասից՝ 7:6, 7:6, 6:2: Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 43 րոպե։ Ռուդի համար այս հաղթանակն առաջինն էր Ուիմբլդոնում իր կարիերայում։ Նա երրորդ անգամն է, որ խաղում է մրցաշարի հիմնական խաղարկությունում։
🥎 Իսպանացի թենիսիստ Պաբլո Կարրենո Բուստան ավարտեց է իր ելույթը Ուիմբլդոն 2022-ում։ Աշխարհի 20-րդ ռակետը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել առաջին շրջանի հանդիպումը սերբ Դուշան Լայովիչի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 64-րդ տեղը։ Խաղն ավարտվել է ժամանակից շուտ՝ 1-1 հաշվով (6:3, 4:6), թենիսիստներին հաջողվել է կորտում անցկացնել 1 ժամ 11 րոպե։
🥎 Իտալացի թենիսիստ Յանիկ Սիները հաղթահարել է Ուիմբլդոնի առաջին շրջանը՝ հաղթելով շվեյցարացի Ստեն Վավրինկային։ 2 ժամ 40 րոպե տևած խաղն ավարտվել է 7:5, 4:6, 6:3, 6:2 հաշվով՝ հօգուտ աշխարհի 13-րդ ռակետի։
🥎 Լեհ թենիսիստ Հուբերտ Հուրկաչը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան՝ հենց մեկնարկում պարտվելով։ Առաջին տուրում աշխարհի 10-րդ ռակետին հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինը, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 37-րդ տեղը։ 3 ժամ 34 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:4), 6:4, 5:7, 2:6, 7:6 (10:8) հաշվով՝ հօգուտ Դավիդովիչ-Ֆոկինի։
🥎 Իսկ ահա խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը հայտարարել է Ուիմբլդոնից դուրս գալու մասին՝ կորոնավիրուսի պատճառով։