Ֆրանսիական «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը խոսել է թիմում ընթացող գործընթացների մասին, հաղորդում է L’equipe-ը:
«Դժվար է ասել, թե ինչու՞ են մեր ակումբում մարզիչները այդքան շուտ փոխարինում միմյանց: Մեկ տարվա ընթացքում թիմը մարզել են 3 մասնագետներ:
Իհարկե, այդ հանգամանքը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր խաղի վրա: Միայն կայունության դեպքում է հնարավոր հասնել զգալի արդյունքների:
Մորենոն լավ մարզիչ է, ով վստահում է երիտասարդներին: Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ 2018-ին թիմը գլխավորեց Թիերի Անրին, ապա 2019-ին նրան փոխարինեց Լեոնարդու Ժարդիմը: Պորտուգալացի մասնագետի հեռացումից հետո, ակումբը գլխավորեց Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Մոնակոն» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: