Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է գերծանր քաշային կարգում Վրաստանի ներկայացուցիչ, անպարտելի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին:
Հայաստան ժամանելուց հետո Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանն ասել է՝ հետագայում պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ցույց տան՝ Տալախաձեին հնարավոր է հաղթել.
«Պետք է ճշմարիտ գնահատենք հնարավորությունները: Եթե Տալախաձեն հիվանդ էր, կամ այլ պատճառով 50 կգ-ով պակաս բարձրացրեց, դա չի նշանակում, որ կարող ենք վաղը իրեն հաղթել: Չեմ ասում, թե Վարազդատը չի կարող հաղթել: Վարազդատն այն երիտասարդն է, որը շատ արագ է արդյունքների հասնում, երևի՝ ժառանգական է, կամ իր խոհեմության և պահանջկոտության շնորհիվ է, նա ամեն ինչ ունի այդ մակարդակին հասնելու համար: Բայց այդպիսի արտահայտությունները տեղին չեն: Ես իր հետ առանձին կխոսեմ այդ թեմայով»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:
+109 կգ քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն՝ զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին, ով կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը:
Գերծանր քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Գոռ Մինասյանը, երկամարտի 446 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: