Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մարտուղյակներում մրցեցին շուրջ 100 դ’ արտանյաններ: Լարված պայքար ծավալվեց հատկապես խոցասուսեր մրցաձևում, որտեղ ավելի շատ մասնակից էր հայտավորված: Իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին / 12 / երևանցիներ Գրիգոր Մնացականյանը, Ինեսա Բաբախանովան / 10 / և արժանիորեն դարձան հաղթողներ: Ճկասուսեր մրցաձևում առաջինը դարձյալ երևանցիներն էին . Համլետ Մխոյանը և Աիդա Ալոյանը: Թրասուսերակիրների մրցավեճում առավել վստահ հանդես եկավ և առաջին տեղը գրավեց գյումրեցի Վահան Նազարեթյանը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը ասել է, որ մասնակիցների պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Բայց մտորելու առիթ եղավ: Այս ստուգատեսում մասնակիցները դարձյալ թերանում էին տակտիկական հարցերում, մի հանգամանք , որի վրա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն տեղերում աշխատող մարզիչները:
Միջոցառման արդյունքներով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը Գյումրիում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև լավագույնները կմեկնեն Խորվաթիայի Պորեջ քաղաք և կմասնակցեն փետրվարի 21–ին սկսվող Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին: