Ռոման Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքի մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչը ցանկանում է վերադարձնել «Չելսիին» տված 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ պարտքը, սակայն նրա ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։ Այժմ, ըստ Bloomberg-ի, Աբրամովիչի փաստաբաններն ու բրիտանական կառավարությունը փոխզիջման են եկել այս հարցում։ Այժմ գործարարն ու նրա փաստաբանները վստահ են, որ բրիտանական կառավարությունը կհաստատի «Չելսին» վաճառելու գործարքը։
«Չելսին» ձեռք կբերի ամերիկա-շվեյցարական կոնսորցիումը, որը ստեղծվել է գործարար Հանսյորգ Ուիսսայի և Լոս Անջելես Դոջերսի համասեփականատեր Թոդ Բոելիի մասնակցությամբ։ Գործարքն ավարտելու համար նրանք պետք է թույլտվություն ստանան Պրեմիեր լիգայից, այնուհետև Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր արտոնագիր կտրամադրի ակումբին, որը թույլ կտա ակումբի վաճառքը:
Բրիտանական կառավարության կողմից «Չելսիին» տրված ժամանակավոր արտոնագիրը ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը։ Այս ամսաթիվը ակումբի վաճառքի վերջնաժամկետն է։