Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը։ Նա երկամարտի 363 կգ արդյունքով հռչակվել է երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն։
Հատկանշական է, որ պոկում վարժությունում Պետրոս Պետրոսյանն անմասն է մնացել փոքր մեդալից։ Նա առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 155 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ ձախողել է 160 կգ-ն, բայց երրորդ մոտեցմանը պոկել է 161 կգ: Հրում վարժությունն էլ Պետրոսյանն ավարտել է 202 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել պաղեստինցի ծանրորդը (361 կգ):
Այսպիսով, Հայաստանի երիտասարդների հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 5 մեդալով՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե:
Ավելի վաղ Հայաստանի թիմից ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չալոյանը (55կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ էին նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյան (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը (67կգ):