Հայ հրաձիգները Նորվեգիայի Համար քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե և 3 արծաթե մեդալ են նվաճել, իսկ հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնական:
Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.
«Եվրոպայի առաջնության 48 երկրի ներկայացուցիչներ էին մասնակցում: Այդ պայքարում կարողացել ենք առաջինը լինել, երազում անգամ նման բան չէի կարող պատկերացնել: Իհարկե, Ռուսաստանի և Ուկրաինայի ուժեղ հավաքականների բացակայությունն ազդեց մրցակցության վրա: Նրանց ներկայությամբ, իհարկե, այսքան մեդալներ չէինք ունենա, բայց վստահ եմ՝ ձեռնունայն էլ չէինք վերադառնա:
Սպասում էի, որ հաջող ենք մասնակցելու, բայց ոչ այսքան: Լավ պատրաստված էին մեր մարզիկները, ինչի համար առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց անձնական մարզիչներին»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը: