Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն բավականին հաջող մրցաշրջան է անցկացնում։
ՊՍԺ-ի սանն անցկացրած 31 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ գրավել է Եվրոպայի թոփ-ակումբների ուշադրությունը։ Սակայն դա բավարար չէր 24-ամյա ֆուտբոլիստին իր երկրի հավաքական հրավիրվելու համար. Դիդյե Դեշամը խաղացողին չի հրավիրել միջազգային ուսումնամարզական հավաքներից որևէ մեկին։
Ըստ FootMercato-ի, այդ իրավիճակից ցանկանում է օգտվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ ֆուտբոլիստն արմատներով այդ երկրից է, հետևաբար, իրավունք ունի ընտրել երկու ազգային հավաքականներից որևէ մեկը:
Սակայն Քրիստոֆերի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց հաճախորդի բոլոր մտքերը կենտրոնացած են միայն Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու վրա։
























































