ՊՍԺ-ի երկրպագուների շրջանում ամենաազդեցիկ համարվող Collectif Ultras Paris ուլտրասի անդամները դժգոհություն են հայտնել ակումբի աշխատանքից։
«Ակումբը շատ երկար ժամանակ մեզ այնպիսի կերպար է առաջարկում, որին մենք այլևս չենք կարող աջակցել: Ակումբը ցանկանում է դառնալ համաշխարհային բրենդ, որը տարված է մարզաշապիկների վաճառքով, որը մոռանում է իր ժառանգությունը և վիրավորում երկրպագուներին Պարկ դե Պրենսում` տանը խաղալով արտագնա հանդերձանքով: Սա մի ակումբ է, որը երես տված երեխայի պես աստղեր է հավաքում` չանհանգստանալով մարզական հետևանքների մասին։ Ակումբը կարծես այնքան շատ է երազում, որ թվում է, թե մրցաշրջանը սկսվում է փետրվարին, և ակումբն անտեսում է ներքին տիտղոսները:
Մենք այլևս չենք ճանաչում մեր ակումբը. մեր համբերության բաժակը լցվել է։ Մենք միշտ անվերապահ աջակցություն ենք ցուցաբերել՝ չնայած հսկայական հիասթափություններին։ Բայց այսօր մենք ահազանգում ենք. խաղացողներ, մենեջերներ, ժամանակն է արձագանքելու, հակառակ դեպքում մենք կշարունակենք հանդիպել անընդունելի հիասթափության։ Հարգե՛ք մեզ, հարգե՛ք ձեր գույները»,- ՊՍԺ-ի ուլտրասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հայտարարության մեջ երկրպագուները քննադատում են նաև ակումբի «անհասկանալի ղեկավարությանը», մենեջերների հաճախակի փոփոխությունները, ինչպես նաև որոշ աստղերին տրված «տարբեր արտոնությունները»:
























































