ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրի «Լիլ»-ի դեմ հանդիպումը (5-1)՝ առանձին գնահատելով գոլերից մեկը խփած հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք. ես գոհ եմ խաղից և շնորհավորել եմ խաղացողներին։ Շատ դրական, հաջող կոմբինացիաներ եղան։ Ուրախ եմ, որ թիմը կոմպակտ, վստահ խաղաց, ինչը թույլ է տալիս ավելի լավը դառնալ։ Սա մեկնարկային կետն է:
Դա եթե ոչ լավագույնը, ապա մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկն էր։ Մենք խաղացինք մրցակցի հետ, որի դեմ դժվար է խաղալ, Չեմպիոնների լիգայի մակարդակի մրցակցի դեմ։
Չէի կասկածում, որ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ինչպես ցանկացած մարդու, նրան ժամանակ էր պետք հարմարվելու և իր լավագույն ֆիզիկական մարզավիճակը վերականգնելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը։
























































