Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) երբևիցե չի ընդունի Խաղերը բոյկոտելու գաղափարը՝ իր ցանկացած դրսևորմամբ, գրում է TASS-ը։ Կազմակերպությունը նաև պետք է լուծի բռնցքամարտի, ժամանակակից հնգամարտի և ծանրամարտի հետ կապված խնդիրները՝ որոշելու, թե արդյոք պետք է ներառել այդ մարզաձևերը 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական ծրագրում: Այդ հարցերը քննարկվել են ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նիստում։
Այս շաբաթվա գլխավոր թեման մնում է ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից ձմեռային Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտի հայտարարումը։ Բոյկոտ հայտարարած երկրների մարզիկներն անշուշտ կուղևորվեն Պեկին, իսկ ահա ղեկավարները կհրաժարվեն այդ ուղևորությւոնից։ ՄՕԿ-ը, սակայն, փորձել է ուշադրություն չդարձնել այս իրավիճակին։ Կազմակերպության նախագահ Թոմաս Բախի խոսքով՝ իրեն անհանգստացնում է Օլիմպիական խաղերին ոչ թե քաղաքական գործիչների, այլ մարզիկների մասնակցությունը։
«Խաղերին պետությունների պաշտոնական ներկայացուցիչների ներկայությունը յուրաքանչյուր երկրի իշխանությունների զուտ քաղաքական որոշումն է: ՄՕԿ-ը հավատարիմ է մնում քաղաքական չեզոքությանը», — չորեքշաբթի ասել է Բախը:
Հհաստատվել է 28 միջազգային ֆեդերացիաների ցանկը, որոնց ամառային մարզաձևերը ներառված են օլիմպիական ծրագրում։ Դրանց թվում են ալպինիզմը, սյորֆինգը և սքեյթբորդինգը, որոնք այս ամառ Տոկիոյում հաջողված էին համարվում։ Ֆուտբոլը ցանկում է, սակայն լարվածություն է զգացվում ՄՕԿ-ի և ՖԻՖԱ-ի միջև՝ հաշվի առնելով ֆուտբոլային կազմակերպության ղեկավար Ջանի Ինֆանտինոյի վերջին խոսքերը` Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու պլանների մասին։ Եթե դա տեղի ունենա, ապա հարվածի տակ կհայտնվի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կայացած համակարգը, որն անշուշտ կկորցնի հեռուստադիտողների հետաքրքրությունը և եկամուտը հեռուստատեսությունից։
Իսկ ահա երեք այլ մարզաձևերի հետ կապված իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Բախը բռնցքամարտն ու ծանրամարտն անվանել է օլիմպիական շարժման «խնդրահարույց երեխաներ», իսկ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) կարող է վերադառնալ ՄՕԿ մշտական անդամի կարգավիճակին 2023 թվականին, եթե ասոցիացիան ապահովի ֆինանսական թափանցիկություն, եկամուտների վերաբաշխում և այլն:
ՄՕԿ-ի ղեկավարն ասել է, որ կազմակերպությունը լրջորեն անհանգստացած է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF) տիրող իրավիճակով, որտեղ բացահայտվել են կոռուպցիոն փաստեր՝ նպատակ ունենալով թաքցնել մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները։ Սրա պատճառով վերանայվեցին Օլիմպիական խաղերի արդյունքները, հրաժարական տվեց IWF-ի նախագահ Թամաշ Այանը, ով ֆեդերացիան ղեկավարում էր 20 տարի։ Իսկ նոր ղեկավարության ընտրությունները չեղարկվել են IWF-ի նորացված սահմանադրության կանոնների ու պահանջների խախտման պատճառով։
Ինչ վերաբերում է Ժամանակակից հնգամարտին, միջազգային ֆեդերացիան պետք է որոշի ՕԽ ծրագրում ձիասպորտի մարզաձևի փոխարինման հարցը։ 2023 թվականին ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը պետք է գնահատի ֆեդերացիաների կատարած աշխատանքը և առաջարկի այդ մարզաձևերը պահել կամ բացառել օլիմպիական ծրագրերից։