Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ը սեփական հարկի տակ ընդունել է «Բրյուգեին» և 4-1 հաշվով հաղթանակ է տարել։ Ֆրանսիական թիմի կազմում 2-րդ և 7-րդ րոպեներին դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ առաջին կեսի վերջնամասում հեղինակել է Լիոնել Մեսսին։ Արգենտինացին խաղավարտին ևս դուբլի հեղինակ է դարձել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Երկրորդ կեսում «ՌԲ Լյապցիգը» մեկ գնդակ ետ է բերել՝ Մատս Ռիտսի ջանքերով, սակայն ավելին անել բելգիական թիմի ֆուտբոլիստներին չի հաջողվել։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն իր միավորների թիվը հասցրել է 11-ի և A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ «Բրյուգեն» 4 միավորով եզրափակել է աղյուսակը։
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցել է «ՌԲ Լայպցիգի» հետ և 1-2 հաշվով պարտություն կրել։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացել է Դոմենիկ Սոբոսլային, իսկ 71-րդ րոպեին գերմանական թիմի առավելությունը կրկնապատկել է Անդրե Սիլվան։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Ռիյադ Մահրեզը։
Նշենք՝ 83-րդ րոպեին անգլիական թիմի պաշտպան Կայլ Ուոքերը կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։ Նա բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղը։
«ՌԲ Լայպցիգը» այս հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ հանդես կգա Եվրոպա լիգայում։ «Մանչեսթեր Սիթին» 12 միավոր ունի ու առաջին հորիզոնականով դուրս է եկել խմբից։
























































