Իտալիայի Սպառողների պաշտպանության CODACONS ասոցիացիայի նախագահ Մարկո Դոնցելին առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին» ուղարկել B Սերիա, եթե ապացուցվի, որ ակումբը զբաղվել է ֆինանսական խարդախություններով։
«Մենք բողոք կներկայացնենք հակամենաշնորհային և դաշնային դատախազություն՝ խնդրելով Սերիա B ուղարկել «Յուվենտուսին» և չեղարկել այս պոտենցիալ անօրինական գործողությունների արդյունքում նվաճած վերջին տիտղոսները:
Մեղադրանքները շատ լուրջ են, նախորդ առաջնություններն ուսումնասիրվում են։ Անցած մի քանի տարիներին ակնհայտ էր «Յուվենտուսի» գերակայությունը, որն ավարտվեց միայն անցյալ տարի։
Եթե «Յուվենտուսը» անօրինական կերպով առավելության է հասել իր մրցակիցների նկատմամբ՝ նման գործողություններ կատարելով, ապա դա կարող է բացատրել վերջին առաջնությունների արդյունքների կայունությունը»,- մեջբերում է Դոնցելիին Football Italia-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր La Gazzetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Իտալական գրանդի նախագահ Անդրեա Անյելին, փոխնախագահ Պավել Նեդվեդը և նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին կասկածվում են ֆինանսական խարդախության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախորդ երեք մրցաշրջանների ընթացքում վերը նշված անձինք «Յուվենտուսի» ֆինանսական հաշվետվությունները կեղծել են 50 միլիոն եվրոյով։ Թուրինի ոստիկանությունը խուզարկել է «Յուվենտուսի» շտաբը՝ հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու համար։