Չեմպիոնների Լիգայի խաղարկության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ մրցաշարի գլխավոր հայտնություն դարձած Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ։
30-րդ րոպեին հաշիվը բացեց Դավիթ Ալաբան։ Առաջին կեսի ավելացված ժամանակում «Արքայական ակումբի» առավելությունը կրկնապատկեց Տոնի Կրոսը։ 56-րդ րոպեին էլ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Քարիմ Բենզեման։
Ավելի վաղ խմբի մյուս խաղում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել էր «Շախտյորին»։ Այսպիսով, հինգ տուրից հետո D խմբում առաջին տեղն է զբաղեցնում 12 միավոր վաստակած «Ռեալը»։ «Ինտերն» ունի 10 միավոր և երկրորդն է։ «Շերիֆը» վեց միավորով վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ «Շախտյորի» համար և պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում։ «Հանքափորները» վաստակել են ընդամենը մեկ միավոր։