Չեմպիոնների Լիգայի մրցաշարի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ։
«Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում հաշիվը բացեց 61-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ էդին Ջեկոն։ Վեց րոպե անց բոսնիացին դարձավ դուբլի հեղինակ՝ կրկնապատկելով իտալական ակումբի առավելությունը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակեց 10 միավոր և այս պահին զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
«Հանքափորները» մնացին վաստակած մեկ միավորով և անկախ վերջին տուրի արդյունքներից զրկվեցին նաև պայքարը Եվրոպա Լիգայի մրցաշարում շարունակելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ րոպեներ անց կմեկնարկի խմբի մյուս հանդիպումը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Տիրասպոլի «Շերիֆը» և Մադրիդի «Ռեալը»։