Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի ֆուտբոլի կանանց պատանեկան հավաքականին: Տեղեկությունը հայտնում է ESPN-ը։ Նա ֆինանսավորել է այն ինքնաթիռը, որը մարզուհիներին տեղափոխել է Մեծ Բրիտանիա։
Ֆուտբոլիստուհիներն իրենց ընտանիքների հետ սեպտեմբերից գտնվում էին Պակիստանում, որի կառավարությունը աֆղանուհիներին մարդասիրական վիզաներ էր տրամադրել:
Մարզուհիներին օգնելու խնդրանքով Քարդաշյանին էր դիմել ռաբբի Մոշե Մարգարետենը, որը Tzedek Association բարեգործական կազմակերպության հիմնադիրն է: Քարդաշյանն արձագանքել է նրա խնդրանքին և վճարել թռիչքի համար: Այդ հարցում իր օգնությունն է ցուցաբերել նաև «Լիդս» ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեա Ռադրիզանին։
Արդյունքում 30 ֆուտբոլիստուհիներին ու նրանց ընտանիքներին, ընդհանուր առմամբ 130 մարդ տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնի մոտակայքում գտնվող Ստանսթեդ օդանավակայանում։
Այժմ նրանք պարտադիր 10-օրյա կարանտինում են։ Ֆուտբոլիստներին հետագա օգնություն ցուցաբերելու ցանկություն է հայտնել «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը։