Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ով երեքշաբթի տոնեց իր 95-ամյակը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրվա առթիվ իրեն ժամացույց է նվիրել:
«Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել Վալերի Կարպինին։ Հերթը «Սպարտակինն»․ մենք պետք է սպասենք հաղթանակի և լավ, որակյալ խաղի, որպեսզի ոչ միայն ինքներս մեզ, այլև ֆուտբոլիստներին հաճույք պատճառենք:
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները ևս շնորհավորեցին ինձ։ Հաճելի է ստանալ այդքան շատ շնորհավորանքներ: Պուտինը նվիրեց ժամացույցը, հաճելի էր ստանալ այդքան շնորհավորանքներ: Մնում է շարունակել ճանապարհը», — լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը, հայտնում է РИА Новости-ն։
Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնություններում Սիոմնյանը անցկացրել է 285 հանդիպում, դարձել է 145 գնդակի հեղինակ։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Դինամո» (Սուխումի), «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» ակումբներում։ ԽՍՀՄ քառակի չեմպիոն է, ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ։ Նա Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ է, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ 1973-74 թթ մարզել է Երևանի «Արարատը» և նրա գլխավորությամբ հայկական ակումբը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ 1977-79 թթ գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը։ 1984-85 թթ կրկին զբաղեցրել է երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։