Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է մոլդովական «Շերիֆին» և 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրել:
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել են հյուրերը. Ժասուր Յախշիբոևը գլխի հարվածով գրավել է Կուրտուայի պաշտպանած դարպասն ու առաջ մղել իր թիմին: Մադրիդցիները հաշիվը հավասարեցրել են միայն երկրորդ կեսում. 65-րդ րոպեին Կարիմ Բենզեման անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի դեպ, Բենզեման Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով գերազանցել է լեգենդար Ռաուլին: Ֆրանսիացին ՉԼ-ում 72 գոլ է խփել, Ռաուլի՝ 71 գոլի դիմաց:
Նշենք՝ «Շերիֆի» ֆուտբոլիստ Բրունոյի՝ 72-րդ րոպեին հեղինակած գոլի դրվագում մրցավարը, դիմելով VAR համակարգի օգնությանը, արձանագրել է խաղից դուրս վիճակ: Այդուհանդերձ, մոլդովական թիմի ֆուտբոլիստները խփել են հաղթական գնդակը. 90-րդ րոպեին «Շերիֆի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստյան Տիլը երկրորդ գնդակն է ուղարկել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասն ու ֆանտաստիկ հաղթանակ պարգևել իր թիմին:
Կայացած երկու տուրերից հետո «Շերիֆը», իր ակտիվում ունենալով 6 միավոր, գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 3 միավորով երկրորդն է:
D խմբի մյուս զույգի՝ Դոնեցկի «Շախտորի» և Միլանի «Ինտերի» միջև 2-րդ տուրի հանդիպումը կայացել էր ավելի վաղ: Հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: «Ինտերն» ու «Շախտյորը», վաստակած մեկական միավորով, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնականները համապատասխանաբար: