55 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Սևանի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեցը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ի գիշերը:
Սեպտեմբերի 25-ին «Յադրո» թիմը, որը գլխավորում էր Գերասիմեցը, դարձել է Մոսկվայի ռեգիոնալ առաջնության չեմպիոն: Գերասիմեցի սաները հաղթել են «Ալմազ Անտեյին», իսկ անձամբ մասնագետը հեռացվել է խաղադաշտից: Չեմպիոնական տիտղոսը թիմին իրավունք է տալիս անցնել գրանցումը՝ պրոֆեսիոնա կարգավիճակ ստանալու համար:
Մասնագետի կինը՝ Տատյանա Գերասիմեցը պատմել է, որ խաղից հետո ամուսինը շատ երջանիկ է վերադարձել տուն: Նրանք խոսել են, ծիծաղել, իսկ հետո նա հանկարծ ընկել է: Բելառուս մասնագետը 55 տարեկան էր:
Գերասիմեցի մահվան կապակցությամբ գրառում է կատարել նաև դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը, որը 2018-19 թվականներին նրա գլխավորությամբ հանդես է եկել «Սևանում».
«Երբեմնի ունեցածս լավագույն մարզիչը,ով պատվով էր տանում իր մարզչի առաքելությունը…ում հետ 7 ամիսների աշխատանքի ընթացքում հասկացա, որ դեռ շատ բան չգիտեմ ֆուտբոլից: Հանգչիր խաղաղությամբ լեգենդ՝ Սերգեյ Գրիգորիչ Գերասիմեց»,- գրել է Գոռ Մարտիրոսյանը:
Գերասիմեցը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Դոնեցկի «Շախտյորը», Մինսկի «Դինամոն», «Բալթիկան», «Զենիթը», «Կաունասը» և այլն: 1992-ից 1999 թվականներին Գերասիմեցը հանդես է եկել Բելառուսի հավաքականի կազմում: 2002 թվականին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Իսկ մարզչական կարիերայի ընթացքում բացի «Սևանից», գլխավորել է նաև «Տոմը», «Լոկոմոտիվը», Սանկտ-Պետերբուրգի «Դինամոն» և այլ թիմեր: