Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն երկու բրոնզե մեդալ:
Առաջինը հաջողության հասավ 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով կիսաեզրափակիչ տանող ճանապարհին նախ հաղթել էր ադրբեջանցի Սարկխան Ալիևին , ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ: ¼ եզրափակիչում Մաշակարյանը մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Բարդ մրցակցի հետ պայքարում Մաշակարյանը շատ ճիշտ մարտավարություն էր ընտրել, որն էլ օգնեց հաղթանակ տոնել:
Մեզ ուրախացրեց նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը : Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի` Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում հայ բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը, իսկ Մաշակարյանի կմրցի Վենեսուելան ներկայացնող Կրիստիան Մենդինա Պալասիոյի հետ:
Տեղեկացնենք, որ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցում է 36 երկրի 231 բռնցքամարտիկ: