ArmSport․am-ը շարունակում է Ձեզ ծանոթացնել հեռանկարային ֆուտբոլիստների հետ, ովքեր արժանի են առավելագույն ուշադրության: Մեր այսօրվա հերոսներին ընտրել ենք Բելգիայի առաջնությունից, որը ավանդաբար հանդիսանում է Եվրոպայի գլխավոր ֆուտբոլային դարբնոցներից մեկը։
Դավիդ Օկերեկե
🇳🇬 Նիգերիա
«Բրյուգե»
22 տարեկան

29 հանդիպում՝ 11 գոլ․․․ Վատ ցուցանիշ չէ երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստի համար, ում համար այս մրցաշրջանը առաջինն է «Բրյուգեի» մարզաշապիկով։ ՉԼ-ում աչքի ընկնել չհաջողվեց, սակայն ներքին առաջնությունում նա իր թիմի լավագույն ռմբարկուն է։ Դավիդը մինչև բելգիական ակումբ տեղափոխվելը հանդես էր գալիս Բ Սերիայի «Սպեցիա» ակումբում, իսկ այժմ նրա ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական և իտալական Ա Սերիայի մի շարք ակումբներ։ Պոտենցիալ, անխոս, նա ունի, սակայն ավելի բարձր մակարդակում խաղալու համար նիգերիացին պետք է շարունակի արդյունավետ գործել։
Ժինյո Վանհյուսեն
🇧🇪 Բելգիա
«Ստանդարտ»
20 տարեկան

20-ամյա պաշտպանը ժամանակին համարվում էր Միլանի «Ինտերի» ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Ժինյոն «Ստանդարտի» սան է և նա 17 տարեկան հասակում տեղափոխվեց Միլան, սակայն այնտեղ նա չկարողացավ ապացուցել, որ արժանի է տեղ զբաղեցնել իտալական գրանդի կազմում և երկու տարի անց վերադարձավ հայրենի ակումբ։ «Ստանդարտում» պաշտպանը միանգամից ամրապնդվեց հիմնական կազմում և այս մրցաշրջանում ևս, ինչպես նախորդում, նա ապացուցում է, որ իզուր չի համարվում Բելգիայի հավաքականի ապագա հիմնական կազմի թեկնածու։ Փոքրիկ քայլերով, սակայն վստահ իր ուժերին և, ամենակարևորը, ապացուցելով իր կարգը խաղադաշտում, բելգիական ֆուտբոլի «Փոքրիկ Իշխանը» շուտով կհայտնվի եվրոպական թոփ ակումբներից որևէ մեկում․․․
Ջոնաթան Դեյվիդ
🇨🇦 Կանադա
«Գենտ»
20 տարեկան

«Պորտու», «Այաքս», «Լիոն»․․․ 20-ամյա այս կանադացու համար արդեն պայքարում են եվրոպական շատ ակումբներ։ Հյուսիսամերիկյան հավաքականը բավականին լավ սերունդ է այժմ ներկայացնում, և երիտասարդ հարձակվողը այդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է։ Արդեն երկրորդ մրցաշրջանն է անընդմեջ, ինչ նա հատում է 10 գոլի շեմը Բելգիայի առաջնության շրջանակներում, և դա չի կարող վրիպել ավելի բարձրակարգ ակումբների սկաուտների աչքերից։ Հավատացած եղեք, շուտով Ջոնաթանը լսեցնել կտա իր մասին որևէ թոփ ակումբի կազմում։
Էմանուել Դենիս
🇳🇬 Նիգերիա
«Բրյուգե»
22 տարեկան

Իսկ ահա Դենիսին կհիշեն մեր ընթերցողներից շատերը։ Եվս մեկ նիգերիացի Բելգիայի առաջնության առաջատարի կազմում, ևս 22 տարեկան, սակայն, ի տարբերություն Օկերեկեի, նա ավելի շատ աչքի ընկավ հենց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում․ հիշո՞ւմ եք նրա դուբլը «Ռեալի» դեմ խաղում, այն էլ Մադրիդում։ Արագաշարժ, բավականին լավ տեխնիկայով, ֆուտբոլային ինտելեկտով աչքի ընկնող ֆուտբոլիստ, և, միանշանակ, «Բրյուգեն» այս տաղանդավոր ֆուտբոլիստի համար նշաձող չէ, այլ ցատկահարթակ՝ ավելի մեծ ակումբում հայտնվելու համար։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)