Հայտնի է, թե որքան բոնուս է նախատեսված եղել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրով՝ հավատարմության համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, եթե ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը տեղափոխվեց «Ատլետիկո», մնար «Բարսելոնայում» մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ապա կատալոնական ակումբը կպարտավորվեր նրան 7 մլն եվրո վճարել որպես բոնուս։ 2022/2023 և 2023/2024 մրցաշրջանների համար Գրիզմանը ևս 6,5-ական մլն եվրո կստանար հավատարմության համար։ Այս կերպ, ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության արդյունքում «Բարսելոնան» 20 մլն եվրո տնտեսեց։
Գրիզմանը 2019 թվականից էր պաշտպանում «Բարսելոնայի» գույները, ուր տեղափոխվել էր հենց «Ատլետիկոյից»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել է 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։