4-օրյա դադարից հետո «Ուրարտուն» վերսկսեց մարզումները, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Նախքան գործի անցնելը, թիմի անձնակազմը, ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի գլխավորությամբ շնորհավորեցին ընկեր Հարութին ծննդյան տարեդարձի առթիվ և խորհրդանշական նվերներ հանձնեցին նրան»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«Ուրարտուի» երկարամյա ադմինիստրատոր Հարություն Ջանգչյանը երեկ նշում էր ծննդյան 55-րդ տարեդարձը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ամենից շատ տիտղոսներ նվաճած անձնավորությունը ֆուտբոլիստ չէ։ Հարություն Ջանգչյանը կամ ֆուտբոլային հանրությունում հայտնի ընկեր Հարութը մեր ակումբում է հիմնադրման օրից։ Նա այս ակումբի կայացման ու հաջողությունների անմիջական մասնակիցն է։ Ընկեր Հարութն այստեղ էր, երբ ակումբը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը, թիմում էր, երբ լուծարումից հետո՝ 2001-ին այն վերսկսեց ելույթները, թիմում էր, երբ 2013/14 թթ․ մրցաշրջանում ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Տարիների հսկայական փորձը միայն դրականորեն է ազդել այս մարդու վրա։
Նրա նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով հիանում են բոլորը։ Ընկեր Հարութը օրինակ է բոլորի, այդ թվում պատանիների համար, թե ինչպես է պետք աշխատել ու նվիրվել սեփական գործին»,- ասել է Հրաչ Աղաբեկյանը։