Իտալացի թենիսիստ Մատեո Բերետինին բաց կթողնի Տոկիոյում կայանալիք ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը.
«Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ հայտնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը բաց թողնելու մասին: Երեկ ես ՄՌՏ հետազոտություն եմ ստացել՝ պարզելու, թե ինչ վիճակում է օրգանիզմս Ուիմբլդոնում ստացած վնասվածքից հետո: Հետազոտության արդյունքները վստահաբար չի կարելի դրական անվանել:
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ես չեմ կարողանա ելույթ ունենալ, պետք է հանգստանալ:
Իտալիան ներկայացնելը մեծ պատիվ է, այդ իսկ պատճառով ես շատ վշտացած եմ, որ չեմ կարողանա հանդես գալ Օլիմպիական խաղերում: Հաջողություն եմ մաղթում իտալացի մարզիկներին: Ես կաջակցեմ ձեզ»,- գրել է թենիսիստը Instagram-ում:
Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան հայտարարել է հուլիսի 12-ից երկրում խիստ արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կորոնավիրուսի վարակման աննախադեպ աճի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաղերի բացման և փակման արարողությունները կանցկացվեն առանց հանդիսականների: Սակայն VIP-հյուրերի մուտքը կթույլատրվի: