Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը էմոցիոնալ է արձագանքել որոշ վերլուծաբանների մեղադրանքներին, որ նա չի ցանկացել իրացնել 11մ հարվածը Եվրո-2020-ի եզրափակչի հետխաղյա շարքում: «Աստոն Վիլլայի» խաղացողը պնդում է, որ ինքը պատրաստ էր հարված կատարելու, բայց թիմի գլխավոր մարզիչը ընտրություն կատարեց հօգուտ մեկ այլ խաղացողի:
«Ես ասացի, որ ուզում եմ իրացնել 11մ հարվածը։ Մարզիչն այս մրցաշարում այնքան շատ լավ որոշումներ կայացրեց, և այսօր էլ դա արեց: Բայց ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, որ ես հրաժարվեցի իրացնել 11 մետրանոցը, երբ իրականում ասել եմ, որ ցանկանում եմ իրացնել այն… », — գրել է Գրիլիշը իր Twitter-ում:
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի հետ խաղի 11 մետրանոց հարվածաշարում բրիտանացիները երեք անգամ վրիպեցին. երեք փորձերն էլ չիրացրեցին երիտասարդ ֆուտբոլիստները: