«Բենֆիկայի» նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրան ձերբակալվել է Լիսաբոնում։ Այս մասին հաղորդում է O Jornal Economico-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆունկցիոները ձերբակալվել է այն բանից հետո, ինչ տեղի հարկային ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Բենֆիկայի» մարզադաշտում, Novo Banco բանկի շտաբ-բնակարանում ու ընկերության գրասենյակներում, որոնք կապված են գործարար Խոսե Անտոնիու դուշ Սանտուշի հետ, որը «Բենֆիկայի» խոշորագույն մասնավոր բաժնետերն է ու Վիեյրայի լավ ընկերը։ Պորտուգալական ակումբի նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների ու փողերի լվացման մեջ։
Հաղորդվում է, որ այս հետաքննությունը կապված է Մոնտե-Բրանկոյի՝ շվեյցարական հանցավոր խմբավորման գործի հետ, որը Պորտուգալիայի տարածքում զբաղվել է խարդախություններով ու փողերի լվացմամբ և ոչնչացվել 2011 թվականին։