Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մազադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ զարգացած երկրներում մարզվող մարզիկների մարզագույքին: Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսական ներդրումների: ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար նախատեսվում է թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ձևով: Որոշման ընդունման արդյունքում ՀՀ պետբյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա. կնազեցվեն մի շարք միջոցառումների գումարները: Արդյունքում ձևավորվել է «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մարզագույքով ապահովում» միջոցառումը, որին կհատկացվի 38,775.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև 8,420.0 հազար դրամով ավելացվել է «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման գումարը:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին, նշել է, որ դրա հետ կապված մի քանի հարցեր կան: «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզիչների և մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն: Այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով: Սա առաջին հարցն էր, որը մենք ստանձնեցինք լուծել: Մեր այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և եթե ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս՝ ինչու է 2 ամիս անց, այս որոշումը կայացվում, և հետևաբար՝ ծանրաձողերը երբ կլինեն տեղում: Երկրորդ հարցը՝ ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծում 7 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին: Գիտեք, սա ավելի ճիշտ ոչ թե հարց է, այլ ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհարապես նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու: Այսինքն՝ եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը… Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ այդ հարցի լուծումները գտնեն:
Հիմա ես ինչքան հասկանում եմ, հավանականություն կա, որ այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո՞ են Հայաստանի Հանրապետություն հասնելու: Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը: