Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական որոշել է բաց թողնել Ուիմբլդոնի առաջիկա խաղարկությունը։ Այդուհանդերձ, նա հուսադրել է ճապոնացի երկրպագուներին, որ կմասնակցի տնային Օլիմպիական խաղերին․
«Նաոմին այս տարի չի մասնակցի Ուիմբլդոնին։ Նա ժամանակը կանցկացնի ընկերների և ընտանիքի հետ։ Սակայն պատրաստ կլինի Օլիմպիական խաղերին ու ցանկանում է հանդես գալ տնային տրիբունաների ներքո»,- Օսակայի թիմի հայտարարությունից հատված է մեջբերում The Times-ի լրագրող Ստյուարտ Ֆրեյզերը։
Ավելի վաղ Օսական դադարեցրել էր իր մասնակցությունը Ռոլան Գարոսին։ Ֆրանսիայի Բաց առաջնության մեկնարկից առաջ նա հայտարարել էր, որ Ռոլան Գարոսի ընթացքում հարցազրույցներ չի տա, քանի որ ցանկանում է ուշադրություն հրավիրել «մարզիկների մենթալ առողջության անտեսման» խնդրի վրա։ Կազմակերպիչները, սակայն, քննադատության էին ենթարկել նրա այս որոշումը՝ մատնանշելով, որ ԶԼՄ-ների հետ շփումը Նաոմիի և առհասարակ մրցաշարի մյուս բոլոր մասնակիցների պարտականություններից է։ Ճապոնուհին պահեց խոստումն ու առաջին շրջանում տարած հաղթանակից հետո չներկայացավ հետխաղյա մամուլի ասուլիսին, ինչի համար տուգանվեց 15 հազար դոլարով։ Մայիսի 31-ին Օսական հայտարարեց, որ լքում է մրցաշարը։
Ուիմբլդոնի հիմնական մրցաշարը կկայանա հունիսի 28-ից հուլիսի 10-ը, իսկ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։