«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր ափսոսանքն է հայտնել կապված թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ «Միլանից» հեռանալու հետ. դարպասապահի պայմանագրի ժամկետն ավարտվում է.
«Շատ եմ ցավում, որ Դոնարուման հեռանում է: Դուք հարցրել եք ինձ՝ արդյոք ֆուտբոլիստները շա՞տ են վաստակում, ու հիմա ես ձեզ կհարցնեմ՝ որքա՞ն արժե Դոնարուման: Նա մեծացել է «Միլանում», կարող էր 20 տարի խաղալ թիմում: Կամ էլ գուցե ոչ այդքան երկար, չէ՞ որ նա Իբրան չէ (ծիծաղում է):
Ինչպե՞ս կարելի է գնահատել Մալդինիին. դա չի կարելի չափել: Ես Դոնարումային խորհուրդ կտայի մինչև վերջ մնալ «Միլանում»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Դոնարուման կարիերայի սկզբից՝ 2015 թվականից պաշտպանել է «Միլանի» գույները: Ավարտված մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը Ա Սերիայի 37 հանդիպման է մասնակցել, որոնցում 38 գնդակ է բաց թողել: