«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Vbet Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից հետո (1-1) նշել է, որ մանկական սխալների պատճառով միավորներ կորցրեցին ու չեմպիոնության համար պայքարում դժվարացրեցին իրենց գործը :
«Ցավալի միավորներ կորցրեցինք այսօր: Առանց այն էլ ունեցել էինք հանդիպումներ, երբ լավ խաղով միավորներ էինք կորցրել: Մինչև այս խաղը չեմպիոնության իրական հնարավորություններ ունեինք և ամեն ինչ մեզնից էր կախված: Եթե կարողանայինք հաղթել բոլոր խաղերում, ոչ ոք մեզ չէր խանգարի չեմպիոն դառնալ: Բայց այսօր մանկական սխալ թույլ տվեցինք: Երկրորդ կեսում, երբ կանոնների խախտում տեղի ունեցավ, մեր թիմը կորցրեց կենտրոնացվածությունը, հակառակորդն արագ խաղարկեց գնդակը և կարողացավ գոլ խփել: Բաց թողած գոլից հետո ունենալով մի քանի շատ թե քիչ իրական գոլային պահ, չկարողացանք օգտագործել: Իմ կարծիքով, մեր սխալն այն էր, որ լավ չսկսեցինք երկրորդ խաղակեսը: Ավելի շատ սպասում էինք, որ խաղն ավարտվի, քան փորձում էինք կատարել առաջադրանքը և խաղալ երկրորդ գոլի համար: Այսօր բարդացրեցինք մեր իրավիճակը, սակայն քանի դեռ նույնիսկ փոքր տեսական հնարավորություն ունենք չեմպիոնության, պայքարելու ենք մինչև վերջ»-ասել է Բիչախչյանը:























































