«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել թիմի ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի մասին․
«Զինչենկոն շատ բաների միջով է անցել, որպեսզի հայտնվի «Մանչեսթեր Սիթիում»։ Նրա տրանսֆերը մեկ այլ ակումբ հնարավոր էր, բայց նա ասաց․ «Ոչ, ես ցանկանում եմ մնալ այստեղ»։ Սա շատ բան է նշանակում։ Զինչենկոն խաղում է ոչ իր դիրքում, ու երբեք չի դժգոհում։ Նա սխալներ թույլ չի տալիս։ Երբ դու մի բան ես ասում, նա միանգամից այն ընկալում է։
Զինչենկոն միշտ կենտրոնացած է։ Նա ստիպված է պայքարել այնպիսի մրցակիցների դեմ, ինչպիսիք են Սալահը, Ռեշֆորդը, Դի Մարիան, բայց նա չի սխալվում։ Գնդակի հետ նրա վարվելու ունակությունը բացառիկ է, մենք բոլորս դա գիտենք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք՝ Զինչենկոն 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 18 հանդիպման է մասնակցել։