«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղից ունեցած սպասելիքների մասին։
«Վաղը մեզնից պետք չէ անհավանական բաներ սպասել, բայց միևնույն ժամանակ մենք կփորձենք խաղալ ամենաբարձր մակարդակում։ Մենք ունեցել ենք և՛ ծանր, և՛ կարևոր խաղեր, և ահա եկել է պահը, որպեսզի անցկացնենք այս կիսաեզրափակիչը։
Պետք է հավատարիմ մնանք ինքներս մեզ։ Սրանում է հենց մեր մարտավարությունը։ Հույսներս դնենք մեր ուժերին ու անենք այն, ինչը մեզ վստահություն կհաղորդի։ Հուսով եմ՝ ստիպված չենք լինի մեծ ջանքեր գործադրել»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գերմանացի մասնագետին հարց են ուղղել նաև այն մասին, թե ինչ զգացողություններ ունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալու առթիվ․
«Ես հաջողակ ու երջանիկ մարդ եմ, ինչի համար երախտապարտ եմ ճակատագրին։ Երբ ես սկսեցի իմ աշխատանքը պատանեկան ակադեմիայում, ամեն օրը յուրովի նոր էր, ոչ այնպիսին, ինչպիսին երեկն էր։ Ես վայելել եմ ամեն մի օրս Մ14, Մ15 և Մ19 թիմերի հետ։ Դա արդեն իսկ մեծ նվեր էր»,- ասել է Տուխելը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալ»-«Չելսի» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, Իսպանիայի մայրաքաղաքում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը նախատեսված է մայիսի 5-ին։