«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ՈՒԵՖԱ-ի հետաքննության «առարկան» է դարձել․ ենթադրվում է, որ նա մասնակցություն ունի բուքմեյքերական ընկերություններից մեկի գործունեությանը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ շվեդական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իբրահիմովիչը բուքմեյքերական ընկերության բաժնետեր է։ Եթե ՖԻՖԱ-ն շվեդ հարձակվողին մեղավոր ճանաչեց, ապա նա կարող է տուգանվել մինչև 1 մլն շվեդական կրոնով և մինչև երեք տարով հեռացվել ֆուտբոլից։
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ հստակ ամրագրված է, որ այն ֆուտբոլիստներն, ովքեր կապ ունեն բուքմեյքերական ընկերությունների հետ, չեն կարող մասնակցել այս կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Զլատան Իբրահիմովիչը մինչև հիմա հանդիսանում է Մալթայում տեղակայված բուքմեյքերական ընկերության համասեփականատերը, ինչը հաստատել է Bethard -ի գործադիր տնօրեն Էրիկ Սկարպը։
Շվեդական ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հոկան Շյոստրանդը հայտարարել է, որ ասոցիացիան դեռևս չի քննարկել Իբրահիմովիչի հետ կապված այս իրավիճակը։