Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր ևս 4 հանդիպում է կայացել:
Պորտուգալիան հյուրընկալվելիս մրցել է Սերբիայի հետ ու 2-2 հաշվով ավարտել հանդիպումը: Առաջին կեսում երկու գոլ իր ակտիվում գրանցել է Դիոգու Ժոտան, երկրորդ կեսում սերբերը կարողացել են երկու գոլ խփել՝ 46-րդ և 60-րդ րոպեներին գրավելով պորտուգալացիների դարպասը ու փրկվելով պարտությունից:
Նշենք՝ Սերբիան խաղն ավարտել է 10 հոգով. Նիկոլա Միլենկովիչը ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից՝ վիճարկելով մրցավարի որոշումը, որը խախտում էր արձանագրել Միլենկովիչի գործողություններում:
A խմբի մյուս խաղում Իռլանդիան սեփական հարկի տակ ընդունել է Լյուքսեմբուրգին ու խաղավարտին ընդունած գոլի պատճառով պարտություն կրել. Լյուքսեմբուրգի հավաքականի կազմում 85-րդ րոպեին Ժերսոն Ռոդրիգեսն է դարձել գոլի հեղինակ ու սենսացիոն հաղթանակ պարգևել իր թիմին:
Այսօր կայացել է նաև E խմբի մեկ հանդիպում: Չեխիան սեփական հարկի տակ ընդունել է Բելգիային և ոչ-ոքի՝ 1-1 խաղացել: 50-րդ րոպեին Չեխիայի հավաքականի կազմում Լուկաշ Պրովոդը բացել է խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց Ռոմելու Լուկակուն հավասարեցրել է այն:
Օրվա վերջին խաղում Սլովակիան սեփական հարկի տակ ընդունել է Մալթային ու 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը: Ի դեպ, Մալթայի ընտրանին առաջին կեսից հետո հաղթել է 2-0 հաշվով: Այս թիմերն ընդգրկված են H խմբում: