«Վուլվերհեմփթոնը» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտային հետմահու ընդգրկել է ակումբի Փառքի սրահում։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն ու նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, մահացել էին 2025 թվականի հուլիսի 3-ին՝ Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
«Դիոգուի դիմանկարը մշտական պատվավոր տեղ կզբաղեցնի Փառքի սրահում՝ ակումբի մյուս ճանաչված խաղացողների կողքին։ Ակումբի թանգարանում նրա պատվին հուշանկյուն է ձևավորվել՝ մարզաշապիկներով, շարֆերով և երկրպագուների թողած գրառումներով, որոնք հավաքվել էին մարզադաշտի մոտ նրա մահվան լուրից հետո»,– ասված է «գայլերի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ժոտան «Վուլվերհեմփթոնի» գույները պաշտպանել է 2017-ից 2020 թվականներին։ Ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 131 խաղում նա դարձել է 44 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը հանդես է եկել նաև «Պասուշ դե Ֆերեյրայում», «Պորտուում» և «Լիվերպուլում», որի հետ 2024/25 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն։ «Վուլվերհեմփթոնի» հետ նա հաղթել էր Չեմպիոնշիփում (2017/18)։




























































