Հայաստանի գեղասահքի հավաքականի ևս մեկ անդամ բաց կթողնի այսօր մեկնարկելիք աշխարհի առաջնությունը։ Սլավիկ Հայրապետյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
ArmSport-ը կապ է հաստատել գեղասահորդի հետ։
«Մեկնելուց մեկ օր առաջ թեստ հանձնեցի ու պատասխանը դրական եկավ։ Քանի որ ինձ լավ էի զգում, մտածեցինք սխալմունք է։ Երեք անգամ թեստ եմ հանձնել, երեքն էլ՝ դրական ու արդեն մեկնելու օրը ջերմություն ունեի։ Ինքնամեկուսացել եմ տանը»,- ասաց Սլավիկը՝ հավելելով, որ լավ մարզավիճակում է ու պատրաստ էր աշխարհի առաջնությանը։
Խոսելով սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարի մասին՝ Սլավիկ Հայրապետյանն ասաց․
«Դեռ չեմ կարող ասել կմասնակցեմ, թե ոչ։ Եկեք չշտապենք։ Հուսով եմ՝ կմասնակցենք, հուսամ՝ լավ կլինի։ Կասկածները պայմանավորված են պետության ոչ ստաբիլ վիճակով, չենք կարող ասել՝ ինչ կլինի»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ևս ոտնաթաթի կոտրվածքի պատճառով չի մասնակցի Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնությանը:
ԱԱ-ին կմասնակցի Հայաստանի ընդամենը մեկ զույգ՝ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ։
ԱԱ-ի վերաբերյալ ArmSport-ի պատրաստած նյութին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ստելլա Բաբլոյան